Պատմության հետագծով  

09:00, 22 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1915 թ. հուլիսի 22-ին Առաջին համաշխարհային պատերազմում Ալաշկերտի օպերացիայի ժամանակ Կովկասյան բանակի հրամանատարությունը պահեստային ուժերից կազմեց հատուկ հարվածային զորախումբ եւ գեներալ Ն. Ն. Բարաթովի հրամանատարությամբ Դահար գյուղի մոտից հարձակվեց Աբդուլ Քերիմ փաշայի զորախմբի վրա։

-1918 թ. հուլիսի 22-ին Շուշիում տեղի է ունենում արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ), որը Լեռնային Ղարաբաղը հայտարարում է «անկախ վարչա-քաղաքական տարածք», ընտրում է Ազգային խորհուրդ եւ հիմնում ժողովրդական կառավարություն։

-2012 թ. հուլիսի 22-ին մահացել է Գալյա Նովենցը՝ թատրոնի եւ կինոյի հայ դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի (2007)։ Հայ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի կինը, ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի մայրը։

-1944 թ. հուլիսի 22-ին ստեղծվեց Արժույթի միջազգային հիմնադրամը։ Միջազգային կազմակերպություն է՝ տեղակայված Վաշինգտոնում, որին անդամակցում են 189 երկիր, միտված է խթանելու համաշխարհային դրամական համագործակցությունը, ապահովելու ֆինանսական կայունությունը, հեշտացնելու միջազգային առեւտուրը, զարգացնելու աշխատանքը, կայուն տնտեսական աճը եւ կրճատելու աղքատության մակարդակը ողջ աշխարհում։

-1099 թ. հուլիսի 22-ին խաչակիրների կողմից ստեղծված Երուսաղեմի թագավորության ղեկավար դարձավ Գոդֆրուա Բուլյոնցին։

-1878 թ. հուլիսի 22-ին ծնվել է Յանուշ Կորչակը՝ լեհ բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ։ Նա առաջինն էր, ով քայլեր ձեռնարկեց երեխաների իրավունքների եւ երեխաների լրիվ հավասարության ոլորտում (մահ.՝ 1942 թ.)։

-1910 թ. հուլիսի 22-ին Յասնայա Պոլյանայում հրդեհից ոչնչանում են Լեւ Տոլստոյի ձեռագրերը։

-1927 թ. հուլիսի 22-ին հիմնադրվում է իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը։

-1956 թ. հուլիսի 22-ին շահագործման է հանձնվում Երեւանի կայարանի նոր շենքը։

-1886 թ. հուլիսի 22-ին ծնվել է Շավարշ Քրիսյանը՝ մարզական գործիչ, գրող, հրատարակիչ, լրագրող, մարզիչ, «Մարմնամարզ» մարզական թերթի խմբագիր, Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադիր անդամներից։ Մեծ եղեռնի զոհերից։

-1928 թ. հուլիսի 22-ին ծնվել է Վահան Խորենյանը՝ հայ նկարիչ:

Ա. Հ.


© 2009 ARMENPRESS.am