Էրդողանն առանց Թուրքիայի համաձայնության անհնար է համարում Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

20:24, 21 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց Թուրքիայի համաձայնության Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 «ՆԱՏՕ-ի փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ քանի դեռ մենք դրական պատասխան չենք տվել, Հարավային Կիպրոսի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը որևէ պարագայում հնարավոր չէ: Դա հնարավոր դարձրին Հունաստանի պարագայում, սակայն այս պահին նման բան չի կարող քննարկվել: Քանի որ այժմ Թուրքիայում այնպիսի կառավարություն չկա, ինչպիսին կար, երբ Հունաստանը դարձրին ՆԱՏՕ-ի անդամ: Այժմ կանք մենք: Քանի մենք կանք, Հարավային Կիպրոսը ոչ մի պարագայում չեն կարող ընդունել, չեն կարող Թուրքիան շրջանցել»,- Էրդողանի խոսքերը փոխանցում է Kibris Online-ը:

1974 թվականի հուլիսի 20-ին Թուրքիան ներխուժել է Կիպրոս՝ օկուպացնելով կղզու հյուսիսային հատվածը: Թուրքական ուժերը Հյուսիսային Կիպրոսից տարհանել են հարյուր հազարավոր հույների և այն բնակեցրել թուրքերով, իսկ  արդեն 1983 թվականին այստեղ հռչակել են այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որ ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Այն ճանաչում է միայն Թուրքիան:

Այժմ կղզին դե ֆակտո բաժանված է հունական ու թուրքական համայնքների միջև: Երկար տարիներ ի վեր բանակցություններ են ընթանում Կիպրոսի քաղաքական վերամիավորման շուրջ, սակայն մինչ օրս այդ բանակցություններն արդյունք չեն տվել:

 


© 2009 ARMENPRESS.am