Արմեն Չարչյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

12:50, 21 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը բավարարելու որոշում է կայացրել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Պաշտպանները դատարանին միջնորդել էին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակել։

Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնեց, որ Արմեն Չարչյանն ազատ կարձակվի 15 միլիոն դրամ գրավի դիմաց: 

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։


© 2009 ARMENPRESS.am