Հովհաննես Գալստյանի «Բեքսթեյջ» ֆիլմն ընդգրկվել է միջազգային կինոփառատոնի կինոշուկայի ծրագրում

10:51, 21 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իռլանդական Գոլվեյ քաղաքում hուլիսի 21-23-ն անցկացվող միջազգային կինոփառատոնի կինոշուկայի պաշտոնական ծրագրում ներառվել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հայ-գերմանական «Բեքսթեյջ» ֆիլմը: Այն ընդգրկված է կինոշուկայի ավարտման փուլում գտնվող ֆիլմերի ծրագրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդարգություն է տարածել Հովհաննես Գալստյանը:

«Գոլվեյն ունի Եվրոպան Ամերիկայի հետ կապող տրանսատլանտիկ կամրջի կարգավիճակ և ֆինանսիստներին տրամադրվող արտոնյալ պայմանների, նոր Եվրոպական կինոն դիստրիբյուտորներին ու կինոփառատններին ներկայացնելու երկարամյա փորձի շնորհիվ այն երկու աշխարհամասերի կինոյի մասնագետների հանդիպման ավանդական վայր է։ Կինոշուկայում ծրագրված են ընտրված ֆիլմերի արտադրողների և հրավիրված ֆինանսիստների, վաճառքի գործակալների, հեռարձակողների, կինոհիմնադրամների, կինոփառատոնների ներկայացուցիչների նախապես համաձայնեցված հանդիպումներ։ Հայկական ֆիլմի արտադրողներն արդեն ստացել են հանդիպումների ժամանակացույցը»,- ասվում է հաղորդագրության տեքստում:

Նշվում է, որ «Բեքսթեյջը» հայկական միակ ֆիլմն է, որի դեմ Հայաստանում կինոյի պետական կառույցի դիմումով քրեական գործ է հարուցվել (կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով), ինչի արդյունքում կասեցվել է ընկերության մեկ այլ՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի երաշխավորված պետական ֆինանսավորումը։ «Գոլվեյը լավ հնարավորություն է՝ «Բեքսթեյջը» ավարտելու, ֆիլմի համաշխարհային պրեմիերայի վայրն ու վաճառքի ռազմավարությունը հաստատելու համար»,-ընդգծվում է տեքստում:

The Galway Film Fair-ում ֆիլմը կներկայացնեն պրոդյուսերներ Անի և Հովհաննես Գալստյանները՝ Հայաստանից, և համարտադրող Լաուրա Քլևերը՝ Գերմանիայից։


© 2009 ARMENPRESS.am