Պարային և երաժշտական դասախոսություն՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

10:55, 19 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Conférence inspirante» (Ոգեշնչող դասախոսություն) շարքի հերթական հանդիպումը կանցկացվի Լիոնից ժամանած պարուսույց Միշել Ալե Էգայանի մասնակցությամբ, որը Պարի տան համահիմնադիրն է և Ալե Էգայան համույթի հիմնադիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  դասախոսությունը տեղի կունենա հուլիսի 19-ին «Առնո Բաբաջանյան»  համերգասրահում:

Դասախոսությունը երկու մասից է բաղկացած՝ սկզբում «Մի ոստ դուրս կգա» եռամաս ներկայացման շուրջ կներկայացվի պար, խոսք և երգ՝ Ալե Էգայան ընկերության արտիստների և օպերային երգչուհի Սերինե-Լյուբա Թադևոսյանի կատարմամբ։ Սերինե-Լյուբա Թադևոսյանը կներկայացնի կոմպոզիտոր Գայանե Կեսոյանի և Միշել Ալե Էգայանի խոսքերով գրված ստեղծագործություն, որը հայ-ֆրանսիական բարեկամության յուրատեսակ առհավատչյան է և երկկողմ երկխոսության վառ արտահայտություն։

Միջոցառման երկրորդ մասում նախատեսվում է մտքերի փոխանակում Միշել Ալե Էգայանի և ներկաների միջև։ Դասախոսությունը ոգեշնչող է, քանի որ այդ հատվածում Ալե Էգայանը պատմելու է իր անցած ուղու, հաջողությունների ու հաղթանակների մասին, ներկաների հետ կիսելու է սեփական փորձը։

Ֆրանսիական Compagnie Hallet Eghayan խումբը հյուրախաղերով հանդես է գալիս Հայաստանում` Սևանում, Գավառում, Երևանում և կներկայացնի իր «Մի ոստ դուրս կգա» պարային ներկայացումը:

Միջոցառումներն իրականացնում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հովանու ներքո։


© 2009 ARMENPRESS.am