Առնո Բաբաջանյանի 100-ամյակին կոմպոզիտորի էստրադային լավագույն գործերը կհնչեն ջազային մատուցմամբ  

15:18, 14 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնո Բաբաջանյանի 100-ամյակի առթիվ հուլիսի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում կկազմակերպվի բացօթյա համերգային երեկո, որի շրջանակում կհնչեն Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան), Վահագն Հայրապետյան տրիոն (Վահագն Հայրապետյան՝ դաշնամուր, վոկալ, Արման Մնացականյան՝ հարվածային գործիքներ, Մակար Նովիկով՝ կոնտրաբաս):

Մենակատարներն են բարիտոն Մավր Մկրտչյանը, սոպրանո Սոֆյա Սայադյանը, շեփորահար Դանիել Մելքոնյանը: Համերգը ղեկավարում է դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը: 

Համերգային երեկոն տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Նախագծի հեղինակն է Արմեն Սուքիասյանը:


© 2009 ARMENPRESS.am