Ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ-ի որոշումը անվավեր ճանաչելու հիմքեր չկան. Տիգրան Մուկուչյան

14:38, 14 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար իր գործողությունների ողջ ընթացքում առաջնորդող եղել են բացառապես «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ իր եզրափակիչ խոսքում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Տեղի ունեցավ 4 քաղաքական ուժերի դիմումների քննարկում, և մենք արդեն մոտենում ենք ավարտական փուլին: Դատավարության ընթացքում, կարծում եմ, հնարավորություն ընձեռվեց դիմումներում ներկայացված բոլոր հանգամանքների, փաստական տվյալների վերաբերյալ ներկայացնել մեր մոտեցումները, դիրքորոշումները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առկա ապացույցները, ինչպես նաև այն ամբողջ աշխատանքը, ըստ էության, որն իրականացվել էր հիշյալ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար: Հետևաբար, նաև ներկայացվեց մեր կարծիքը` կապված դիմումների պահանջների վերաբերյալ»,- ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահի կարծիքով` դատավարության ընթացքում հնարավոր եղավ բոլոր նշված հանգամանքների վերաբերյալ ներկայացնելու իրավական դիրքորոշումներ:

«Մեկ անգամ ևս փաստեմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրական գործընթացի մեկնարկի հիմքը հանդիսացել է Հանրապետության նախագահի հրամանագիրը, որից անմիջապես հետո հաստատվել է ժամանակացույց` հստակ ժամկետներով, աշխատանքի մեծ ծավալով և այդ ամբողջ ժամանակահատվածում, ներառյալ մինչև վիճարկվող որոշման ընդունումը որևէ ժամկետային խախտում առկա չի եղել: Բոլոր աշխատանքներն իրականացվել են սահմանված կարգով և ժամկետներով, իսկ գործընթացի բոլոր մասնակիցները լիարժեք ծավալով հնարավորություն են ունեցել իրացնելու Ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր վերահսկող գործիքները, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին սահմանված կարգով արձանագրելու, փաստելու տեղի ունեցած ցանկացած խախտում և դրանց վերաբերյալ իրականացնելու իրավունքների պաշտպանություն»,- ընդգծեց Մուկուչյանը:

Երբ հաշված ժամերի ընթացքում միանգամից իրավահարաբերության մեջ են մտնում հարյուր հազարավոր սուբյեկտներ, վստահված անձինք, դիտորդներ, թեկնածուներ, ինչու չէ, նաև ընտրողներ, որոնք ունեն տարբեր քաղաքական շահեր, Տիգրան Մուկուչյանը դժվար է պատկերացնում բոլորի կողմից իդեալական  վարքագծի դրսևորում և նույնական կերպով Ընտրական օրենսգրքի պահանջների իմացություն ու կիրառություն:

«Նշվածով պայմանավորված, իհարկե, ընտրական գործընթացի ընթացքում կարող են տեղի ունենալ նաև իրավախախտումներ, և այստեղ շատ կարևոր է, որպեսզի նման դրսևորումները պատշաճ ձևով արձանագրվեն, դրանք փաստագրվեն և դրանցով իրականացվի համապատասխան քննություն, հայտնաբերվեն մեղավոր անձինք, նրանց նկատմամբ կիրառվի պատասխանատվություն: Այս ամբողջ գործելաոճը եղել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որդեգրված գործելաոճ, և հենց դա են վկայում սեփական նախաձեռնությամբ իրականացված վարույթները, վերահաշվարկը: Դա է վկայում ընտրական գործընթացի ընթացքում տեղեկությունների, հրապարակումների և այլնի հետ կապված օպերատիվ արձագանքման միջոցով հանգամանքները պարզելը, ըստ անհրաժեշտության միջոցներ ձեռնարկելը»,- շեշտեց Մուկուչյանը:

Ամփոփելով այս ընթացքում տեղի ունեցած քննարկումները՝ ԿԸՀ նախագահը մի կարևոր հանգամանք արձանագրեց` ցանկացած խնդիր, իրավախախտում և այլն պատշաճ կերպով արձանագրվել են, և գնահատականի են արժանացել, և դեռևս կան որոշակի դեպքեր, որոնք քննության ընթացքում են:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամբողջ ընթացքում իր գործառույթները կազմակերպելիս առաջնորդվել է բացառապես Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներով: Հետևաբար, կարծում եմ, որ տարաբնույթ որակումներն ու գնահատակաները բացառապես քաղաքական մոտեցումներ են, որոնք նաև ներկայացվեցին այս դահլիճում: Մեկ անգամ ևս ուզում եմ փաստել, որ իր գործողությունների ընթացքում ԿԸՀ համար առաջնորդող եղել է բացառապես Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջները:

 Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքների մասին որոշումը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքները, հիմք ընդունելով ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված դիմում-բողոքներով իրականացված քննությունը և որոշումները, համապատասխանում է ընտրական օրենսգրքի պահանջներին և նշված որոշումը անվավեր ճանաչելու հիմքեր չհաստատվեցին ու չամրագրվեցին: Խնդրում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նշված որոշումը թողնել ուժի մեջ»,- եզրափակեց Մուկուչյանը:


© 2009 ARMENPRESS.am