Եռանախագահող երկրների դեսպանների`Շուշի այցելելու առաջարկի մերժման նպատակը միջնորդական առաքելության վերագործարկումն է. Գանտահարյան

14:05, 12 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի դեսպանների մերժումը Շուշի այցելելու Բաքվի առաջարկին տարբեր ուղերձներ եւ ենթաուղերձներ է պարունակում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Նախ պարզ է, որ մերժումը համաձայնեցված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների միջև։ Նման քայլը ենթադրում է, որ միջնորդ երկրները դեռևս բանակցելի են գտնում Շուշիի կարգավիճակի հարցը։ Այցը կլիներ արդեն նվիրականացում կամ իրողապես ընդունում՝ Շուշիի ադրբեջանական տարածք համարելուն, ինչից խուսափել են երեք երկրները։ Հրավերի մերժումը նշանակում է, որ եռանախագահությունը իր միջնորդական առաքելությունը վերագործարկելու նպատակներ ունի, եւ այդ առումով Շուշիի կարգավիճակի ճշտումը բանակցելի սկզբունք է համարում։ Կարծում եմ, որ սա զուտ Շուշիի կարգավիճակի խնդիր չէ միայն, այլ ընդհանրապես ԼՂԻՄ տարածքի հասկացությամբ Արցախի տարածքային ամբողջականության»,- նշեց Գանտահարյանը:

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն այլ դիտարկելի խնդիր ևս տեսնում է: Նրա խոսքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Շուշի և Անկարա-Բաքու նոր ռազմավարական կետերի հանրահռչակումը հակասում են Հարավային Կովկասում ռազմաքաղաքական նոր ստատուս-քվոյի հաստատման համար համատեղ գործողություններ իրականացրած Ռուսաստանի գործընկերոջ քայլերին։

«Այստեղ արդեն տեսանելի է Մոսկվայի և Անկարայի մոտեցումների տարբերությունը, եթե ոչ հակասությունը։ Ուղենշային ուղերձներ են, գուցե, նախադրյալներ՝ միջնորդական եռանախագահական ձեւաչափը վերագործարկելու եւ բանակցություններում ներառելու ոչ միայն Շուշիի, այլ նաեւ ԼՂԻՄ գրավված տարածքների կարգավիճակի ճշտումի սկզբունքները։ Բանակցային կետերի եւ սկզբունքների վերամշակումը հրամայական օրակարգի վերածման միտումներ են ներփակված եռանախագահող երկրների դեսպանների համաձայնեցված մերժման մեջ»,- եզրափակեց Գանտահարյանը:


© 2009 ARMENPRESS.am