Հայկական կարմիր խաչը ֆինանսական աջակցություն է հատկացրել ղարաբաղյան պատերազմի հետևանքով տեղահանված անձանց

15:26, 9 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թվականի աշնանը Հայաստան տեղափոխված 14 000 անձ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից  հուլիս ամսվա ընթացքում միանվագ կստանա 68 000 ՀՀ դրամ՝ընդհանուր՝ 952 միլիոն ՀՀ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայկական կարմիր խաչի ընկերությունը տեղեկացնում է, որ միանալով ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թ․ աշնանը Հայաստան տեղափոխված դրամական աջակցության ՀՀ կառավարության ծրագրին Հայկական կարմիր խաչի ընկերությունն աջակցությունը հատկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ։ Ծրագրում ընդգրկվելու համար տեղահանված անձինք գրանցվել են նախապես:

Միանալով ՀՀ կառավարության  կանխիկ աջակցության ծրագրերին՝ Հայկական կարմիր խաչի ընկերությունը 2020 նոյեմբերից 2021 թվականի հունիս ամիսն, ընդհանուր առմամբ, տրամադրել է 1 718 523  000 ՀՀ դրամ՝ աջակցելով 38 444 մարդու։ Գումարն ուղղվել է տեղահանվածների հիմնական կարիքների մատչելիության ապահովմանը, նրանց  և նրանց հյուրընկալող ընտանիքների աջակցությանը։

Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ),  լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  շարժման հիմնարար սկզբունքներով` մարդասիրություն, անկողմնակալություն, չեզոքություն, անկախություն, կամավորություն, եզակիություն, համընդհանրություն։  Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 101 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ- առողջապահություն, առաջին օգնություն, որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:


© 2009 ARMENPRESS.am