Վլադիմիր Ջաբարովը ամփոփել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքները

15:11, 8 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը խիստ կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն քայլը, որ նա արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվելուց հետո իր առաջին այցը կատարել է հենց Մոսկվա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ Ջաբարովը Նիկոլ Փաշինյանի քայլը անվանել է «բարի նշան»:

Նա նշել է, որ կողմերը քննարկել են աշխատանքային հարցեր, իրավիճակը տարածաշրջանում, Ղարաբաղը, խաղաղապահ առաքելությունը և այլն:

Ջաբարովի կարծիքով` նախկին խորհրդային երկրները (Ադրբեջանը և Հայաստանը) վաղ թե ուշ պետք է կարգավորեն հարաբերությունները և սկսեն պայմանավորվել, վերականգնել երկրները այդ ցնցումներից հետո, իսկ ռուս խաղաղապահների ներկայությունը երաշխիք է ապագայում հնարավոր արյունահեղություններից խուսափելու համար:

Ջաբարովն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայումը կիրականացվի երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ, և  ցանկացած սադրանք կկասեցվի:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում ռազմաբազա ստեղծելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարություններին, Ջաբարովը նշել է, որ Ռուսաստանը շատ բացասական է գնահատում դա՝ հավելելով, որ Մոսկվան հնարավորություն ունի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, իսկ Թուրքիային հակառակորդ պետք չէ ի դեմս Ռուսաստանի:

Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիան երբեք չի եղել Ռուսաստանի դաշնակիցը՝ ընդգծելով, որ Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը միշտ չէ, որ համընկնում են Կովկասում Ռուսաստանի և  նրա դաշնակիցների շահերի հետ:

Խոսելով  հայ գերիների վերադարձի խնդրի մասին՝ ռուս քաղաքական գործիչը նշել է, որ Ադրբեջանն արհեստականորեն ձերբակալում է հայ ռազմագերիներին՝ նրանց ներկայացնելով որպես հանցագործներ:

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը բոլոր ջանքերը գործադրում է այդ խնդրի լուծման համար:


© 2009 ARMENPRESS.am