Կառավարությունը հաստատեց Սևանա լճի անտառային հատվածի մաքրման համար նախատեսված նախագիծը

14:11, 8 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մշակված նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208 մլն 238.5 հազար դրամի վերաբաշխում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վերոնշյալ գումարով ձեռք կբերվեն համապատասխան մասնագիտացված մեքենամեխանիզմներ։

Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով ստուգումների արդյունքում կապալառուի կողմից ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը գնահատվել էր ոչ արդյունավետ, և շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր խնդրո առարկա աշխատանքներն իրականացնել անմիջականորեն «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի միջոցով։

Այսպիսով՝

Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներն անմիջապես «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից պատշաճ կերպով իրականացնելու նպատակով նախատեսվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի 1 155 «Բնական պաշարների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և պահպանում» ծրագրի 11002 «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարից.

Գնումների գործընթացն ավարտելուց հետո նոր թափով կվերսկսվեն Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման և ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման և շինաղբի տեղափոխման աշխատանքները։

2021 թվականի ընթացքում, ելնելով ժամանակի սղությունից, նշված փոփոխությունների արդյունքում, հնարավոր կլինի մաքրել մոտ 50 հա տարածք։

Միաժամանակ «EU4Sevan» ծրագրի շրջանակում արդեն իսկ հաստատվել է մոտ 60 000 դոլար գումարի սահմաններում ամբարձիչ մեքենայի ձեռքբերումը: Նախարարության կողմից մշակվել և ԵՄ կողմին է տրամադրվել համապատասխան տեխնիկական առաջադրանքը։


© 2009 ARMENPRESS.am