«Ջիվան ջան, սա նվագ չէ, այլ աղոթք…». եւ լռեց նվագի աշխարհահռչակ աղոթարարը

09:00, 7 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես Ճապոնիայում երկու համերգ եմ ունեցել: Առաջին համերգը, որն անցկացվեց փակ դահլիճում, երկու մասից էր. սկզբում ելույթ ունեցավ Բրայան Ինոն, նա նվագեց, նրան բարձր ծափահարեցին, հետո ես բեմ դուրս եկա, նվագեցի, ու… լռություն: Մտածեցի՝ լավ, նոր եմ սկսել, բայց կես ժամ անցավ, ու էլի ոչ մի արձագանք, ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Սա ի՞նչ բան է: Ես այդքան վա՞տ եմ նվագում, գործիքի հե՞տ մի բան այնպես չէ: Հիսուն րոպե նվագում եմ, ոչ մի շարժում: Ավարտեցի: Լռություն է: Վեր կացա, գնացի, նորից ոչ մի բան: Ոչ մի ծափահարություն: Բայց հանկարծ կուլիսներից լսեցի, որ ծափահարում են: Իսկ ես նույնիսկ չէի ուզում դուրս գալ՝ նեղացել էի: Մեծ դժվարությամբ ստիպեցի ինձ վերադառնալ բեմ: Պարզվեց, որ ճապոնացիները երաժշտություն լսելիս չեն ծափահարում, որպեսզի չխանգարեն: Եվ երբ դուրս եկա, սկսվեց, տասը րոպե չէին ցանկանում բաց թողնել…»:

Ջիվան ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Այդ նրանք՝ ցեղի ընտրյալ զավակներն են ազգը ներկայացնում աշխարհին ու քաղաքակիրթ մարդկությանը: Եվ նմանների հեռանալով ազգը մի պահ ասես որբության յուրօրինակ զգացողություն է ունենում: Այդպես է, քանզի ազգ-ընտանիքը ոգեղեն զորություն է առնում նրանցից, հպարտանում նրանցով եւ նրանց անունը ոսկետառում իր դարավոր հիշողության անկորնչելի մատյանում: Այդ անուններից է հայոց սրտախոս դուդուկի մեծանուն վարպետ Ջիվան Գասպարյանը, ով ի հավերժություն գնաց 93-ամյա տարիքում…

Նա, որ շուրջ 80 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում շրջել էր ողջ աշխարհով, տվել 20 հազարից ավելի համերգ, արժանացել 30-ից ավելի բարձր պարգեւների, երաժշտություն գրել 40 հնչեղ ֆիլմերի համար, մտերմիկ ընկերություն արել աշխարհահռչակ այնպիսի երաժիշտների ու կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Ստինգը, Մայքլ Բրուքը, Բրայան Մեյը, Պիտեր Գաբրիելը, Լայոնել Ռիչին, Զուկերոն, շատ ուրիշներ, որոնց հետ համատեղ աշխատել է, վայելել պատկառելի հեղինակություն ու հարգանք: Իսկ մինչ վարպետի համաշխարհային հռչակը նրան ունկնդրել են երեւելի դեմքեր՝ չթաքցնելով իրենց հիացումը: Այսպես՝ 40-ական թվականների վերջին, երբ Գասպարյանին հրավիրել են ելույթ ունենալ միութենական հանրապետությունների վարպետների ստուգատեսում, եւ երբ հնչել է դուդուկը, Ստալինը նույնիսկ դադարել է ծխել ծխամորճը, ուշադիր լսել երաժշտին, իսկ համերգից հետո Ջիվանի մոտ զինվորական կեցվածքով մարդիկ են եկել: Դուդուկահարը վախեցել է, մտածել, որ երեւի չի սպասել առաջնորդի ծափահարություններին, դրա համար են եկել: Բայց պարզվել է, որ Ստալինին շատ է դուր եկել Գասպարյանի ելույթը, եւ նա որոշել է երաժշտին պարգեւատրել «Պոբեդա» ժամացույցով: Ջիվանն ուրախությամբ ընդունել է նվերը, բայց բառացիորեն հաջորդ օրը վաճառել այն. քաղցած ժամանակներ են եղել: Հետո տարիներ շարունակ ափսոսալու էր պատմական այդ մասունքը չպահելու համար…

Ջիվան Գասպարյանը նաեւ խորհրդային ժամանակներում է համերգային շրջագայություններով հանդես եկել աշխարհասփյուռ հայահոծ հանգրվաններում: Այդ համերգներից մեկի առիթով վարպետն հիշում է մեծն Վիլյամ Սարոյանին, գնահատանքի նրա ջերմ խոսքը. «Լսեց, թե ինչպես եմ դուդուկ նվագում, ելույթիցս հետո մոտեցավ ինձ եւ ասաց. «Ջիվան ջան, սա նվագ չէ, այլ աղոթք…»: Եվ գրողի այդ արտահայտությունը գրված է իմ ձայնապնակի վրա, որը թողարկվել է Մոսկվայում, 1982 թվականին»:

Անառարկելի է այն իրողությունը, որ ողջ աշխարհում հայկական ծիրանափողի համբավի տարածումը պայմանավորված է նաեւ Ջիվան Գասպարյան անզուգական երաժշտով: Տեղին է հիշատակել համաշխարհային ճանաչում վայելած մի քանի այնպիսի կինոնկարներ, որոնց երաժշտությունների ստեղծմանը մասնակցել է վիրտուոզ դուդուկահարը՝ «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Ռոնին», «Օնեգի», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ» (ԱՄՆ), «Ձյուն եւ մոխիր» (Ռուսաստան), տասնյակ ու տասնյակ այլ ֆիլմեր: Եզակի երեւույթ, երբ քո ազգային նվագարանն էկրաններից հնչում է մոլորակով մեկ…

Ջիվան Գասպարյանն իր պաշտած հայ հայրենիքի նվիրյալ զավակն էր, այդ հայրենիքը փառավորողներից ու նրա փառքերից մեկը. «Երեւանն իմ տունն է, Հայաստանն իմ երկիրն է, ինչպե՞ս կարող եմ լքել երկիրս… Ես ուզում եմ Երեւանը գեղեցիկ տեսնել, ինչպիսին եղել է անցյալում, որտեղ մարդիկ սիրել են միմյանց, հարգել: Ուզում եմ, որ ամեն ինչ ժպիտի մեջ լինի, մարդիկ արժանավայել կյանքով ապրեն, չլինեն աղքատներ, որպեսզի հայերն այլեւս չլքեն իրենց տները, չհեռանան երկրից, իսկ նրանք, ովքեր հեռացել են, վերադառնան: Քանի որ հայրենի հողը կատակ բան չէ, դա մոր նման է: Ես շատ եմ սիրում իմ Հայաստանը…»:

Եվ նա սիրեց Հայաստանը, սիրեց որդիական անխառն սիրով: Եվ փոխադարձաբար սիրվեց ու մնաց սիրված մինչեւ իր երկրային օրերի վախճանը: Եվ կմնա այդպիսին, քանի դեռ ապրել ու անվախճանորեն կապրի աստվածների ու հանճարների Նաիրյան երկիրը:

Բարի ճանապարհ դեպի երկնային թագավորություն, ծիրանափողի ասպետ, որ խոնարհաբար նվիրվեցիր քեզ ծնած ազգիդ…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 


© 2009 ARMENPRESS.am