Քննչական կոմիտեն հայտնում է Ալավերդիում ընտանեկան բռնության դեպք բացահայտելու մասին

11:35, 2 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու դեպքերի բոլոր հանգամանքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

«Քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ալավերդի քաղաքում բնակվող ամուսինները պարբերաբար տարբեր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում ամուսինը, ալկոհոլի ազդեցության տակ, շարունակաբար ծեծի է ենթարկել կնոջը:

Պարզվել է, որ նույն ընտանիքում կնոջ նկատմամբ կիրառված բռնության դեպքեր արձանագրվել են 2015թ գարնանը և 2021թ. մարտ ամսին, սակայն նյութերի նախապատրաստման ընթացքում ամուսնու նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով։

2021թ. մայիսին բռնության հերթական դեպքն է արձանագրվել նշված ընտանիքում և նկատի ունենալով ձեռք բերված ապացույցներն առ այն, որ ամուսիններն ապրում են անհաշտ պայմաններում և կնոջ հանդեպ կիրառվող բռնությունը կարող է շարունակական լինել, հիմք ընդունելով դատական նախադեպերը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, կնոջ բողոքի բացակայության պայմաններում չի դադարեցվել քրեական հետապնդումն ամուսնու նկատմամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am