Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում կգործարկվի VAR համակարգը

14:38, 28 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում կարող է օգտագործվել տեսակրկնապատկերների VAR համակարգը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ համագումարի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Մենք սկսել ենք տեսակրկնապատկերների VAR համակարգը ներդնելու գործընթացը, որը մոտ 8-10 ամիս կտևի: Գործընթացը բարդ է և կապված է ոչ միայն տեխնիկական հնարավորությունների, այլ նաև մրցավարների վերապատրաստման հետ: Համակարգը կօգնի ավելի լավ անցկացնել առաջնությունները»,-ասել է Մելիքբեկյանը:

Մրցավարների տեսաօգնության համակարգը (կրճատ՝ VAR-ը) թույլ է տալիս մրցավարին որոշումներ ընդունել հանդիպման վիճելի պահերին կրկնապատկերների միջոցով։ 2018 թվականին միջազգային մրցաշարերում պաշտոնապես ընդգրկվել էր Ֆուտբոլի կանոնների մեջ։

 


© 2009 ARMENPRESS.am