Գյումրու «ինֆեկցիոն հիվանդանոց» տեղափոխված երեխաների վիճակը մնում է միջին ծանրության

20:57, 25 Հունիս, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 25   ՀՈւՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով,  հունիսի 25-ին  Գյումրու «ինֆեկցիոն հիվանդանոց» դիմած երեխաների վիճակը մնում է միջին ծանրության: Այս պահին հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում  16  երեխա և 7 մեծահասակ:  Նրանք այսօր կմնան հիվանդանոցում: Այս մասին «Արմենպրես»-ին  տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն  Աստղիկ Բեյբությանը:

Շիրակի մարզ  էքսկուրսիայի եկած երեխաները  «Ջարդի ձոր» կոչվող տարածքում կերել են տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում: Երեխաների ինքնազգացողությունը վատացել է ավելի ուշ, երբ նրանք արդեն Գյումրիում էին:

«Երեխաների մոտ սկսվել է սրտխառնոց, փսխում: Կանչել են շտապ օգնություն ու տեղափոխվել ինֆեկցիոն հիվանդանոց: Հիվանդանոց դիմած 43 անձից  23-ը՝   16  երեխա և 7 մեծահասակ  ստացիոնար բուժում է ստանում և մեր մոտ կմնան ևս մեկ օր: Մյուսները ևս դեռ մեր հսկողության տակ  են: Մեկ անգամ ևս բուժզննում անցկացնելուց հետո, նրանք կարող են տուն վերադառնալ »,-նշեց  Աստղիկ Բեյբությանը:

Հաշվի առնելով, որ տարվա շոգ եղանակին մարդիկ հանգստանալու նպատակով հաճախ են լինում բացօթյա տարածքում կամ ճամփորդում, առողջապահության նախարարությունը զգուշացնում և հորդորում է՝ հանգիստը ճիշտ ու անվտանգ կազմակերպելու համար պահպանել մի շարք կարևոր կանոնններ.

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am