Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ

11:15, 25 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանն ասել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերջին տարիներին իր դերակատարումն է ունեցել մեր երկրի քաղաքական կյանքում, ինչը չափազանց գնահատելի է:

Նշվել է, որ «Լուսավոր Հայաստան»-ը մեկն էր այն քաղաքական ուժերից, որ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար ի սկզբանե պաշտպանեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարը, ինչը կարևոր որոշում էր պետության կայունության ու ապագայի տեսանկյունից: Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ թեև արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով «Լուսավոր Հայաստանը» չի մտնում Ազգային ժողով, այդուհանդերձ, կուսակցությունը ակտիվ գործունեություն կծավալի նաև խորհրդարանից դուրս՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի:

Խոսելով իրենց առաջիկա ծրագրերի մասին՝ Էդմոն Մարուքյանը մասնավորապես ասել է, որ «Լուսավոր Հայաստան»-ը շարունակելու է ներկայացնել ու պաշտպանել իրենց դավանած արժեքներն ու գաղափարները:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ներքաղաքական իրավիճակի շուրջ:


© 2009 ARMENPRESS.am