Կառավարությունը կշարունակի աջակցությունը զբոսաշրջության առանձին ոլորտներում գործող ձեռնարկատերերին

20:35, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման մեջ՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում վերջիններիս գործունեության շարունակականության ապահովման ու աշխատատեղերի պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հիմնավորման համաձայն, ստեղծված իրավիճակում տնտեսավարողները դեռևս կարիք ունեն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, արդյունավետ աշխատատեղերը, ինչպես նաև առկա գիտելիքի համակարգերը պահպանելու նպատակով։

Ըստ այդմ նախատեսվում է 2021 թ. ապրիլից հունիս ամիսը ներառյալ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում շարունակել ամսական դրամաշնորհի տրամադրումը ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչև 2020 թ. մարտի 31-ը: Վերջիններս միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում պետք է ունենան առնվազն 3 աշխատող, չեն հանդիսացել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման շահառու, 2020 թ. առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին՝ կացության կազմակերպում, զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ:

 


© 2009 ARMENPRESS.am