Գնման գործընթացների շրջանակում սահմանվելու է պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողություն

17:10, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում՝ «Գնումների մասին» օրենքում կատարված լրացումների արդյունքում պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման և դրա կիրառման գործընթացի հետ կապված կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ հիմնավորման՝ օրենքով կատարված լրացումներով սահմանվել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվող գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման կարգով պետք է սահմանվեն կարգավորումներ նաև պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման և դրա կիրառման գործընթացի վերաբերյալ:

Ըստ այդմ՝ սահմանվում են պայմանագրի կատարման և կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման գործընթացը կարգավորող պայմանները: Որոշմամբ առաջարկվող կարգավորումների նպատակն է հնարավորինս նվազեցնել պայմանագրերի կատարման նկատմամբ նախնական հսկողության գործընթացի պատշաճ չիրականացման ռիսկերը:

Արդյունքում՝ գնման գործընթացների շրջանակում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ կապահովվի հանրային հսկողություն:

 


© 2009 ARMENPRESS.am