«Ալյանս» ԱՏԳ-ում կառավարության օժանդակությամբ կիրականացվի 67,7 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

12:14, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց որոշում, որով «ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՍՄԱՐԹ ՏԵԽՆՈԼՈՋԻ ՖԵԶ» ՍՊԸ-ն ներառեց «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու («ՌԱՕ Մարս»  ՓԲԸ-ի տարածքում) շահագործողների ռեեստրում բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության ու արտահանման ոլորտում գործունեության իրականացման, մասնավորապես՝ էլեկտրոնային սարքերի արտադրության համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 5 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը:

««Ալյանս» ազատ տնտեսական գոտին գործարկվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին։ ԱՏԳ-ում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Ծրագրի շրջանակներում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 67,7 մլրդ դրամ:

Ծրագրի ընթացքում կստեղծվի 60 նոր աշխատատեղ` շուրջ 350 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 400 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:

Ընկերությունն ունենալու է մոտ 650 քմ արտադրական տարածք «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտում: Գործարար ծրագիրը գնահատվել է 82.4 միջին միավոր»,- ասված է հիմնավորման մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am