Ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է. Նիկոլ Փաշինյան

11:50, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղական և միջազգային դիտորդների գնահատականը միանշանակ է, որ ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: Այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք, ըստ էության, նոր ստանդարտ ենք սահմանել: 2018-ին, երբ տեղի ունեցան արտահերթ ԱԺ ընտրություններ և միջազգային հանրությունն աննախադեպ բարձր գնահատականի արժանացրեց դրանք, այդ ժամանակ կար մի այսպիսի կոնտեքստ, որ ասում էին՝ ընտրությունների արդյունքները նախապես բոլորի համար ակնհայտ էին, և գործող կառավարությունը կեղծելու անհրաժեշտություն չուներ:

2021-ի ընտրությունների հնարավոր արդյունքները կանխատեսելի չէին, բոլորը գիտեին, որ երրորդ հանրապետության պատմության թերևս ամենաանկանխատեսելի ընտրություններն էին անցկացվում: Եվ շատ կարևոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքն ու արժեհամակարգը, որ ընտրողների ազատ կամքի արտահայտումը մեզ համար անկյունաքարային արժեք է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով ընտրակաշառքի դեպքերով  հարուցված քրեական գործերին, նշեց. «Իհարկե, հարուցված են քրգործեր ընտրակաշառքների, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու այլ դրսևորումների վերաբերյալ: Համոզված եմ, որ դրանք պատշաճ ու համապատասխան ընթացք կստանան, բայց ուզում եմ հավատալ, որ ՀՀ-ում ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է: Ամենակարևոր արձագանքն այն է, որ ՀՀ քաղաքացու համար այլևս անառարկելի փաստ է, որ ինքը որոշիչ գործոն է ՀՀ-ում, ինքն է որոշում իշխանության ճակատագիրը երկրում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am