ՀՀ նախագահը տեխնոլոգիական ոլորտի հեռանկարները քննարկել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի և FAST հիմնադրամի տնօրենի հետ

11:44, 24 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ներուժին ու հեռանկարներին: Նախարարի պաշտոնակատարը և FAST հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին են ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

Քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները: Կարևորվել է ATOM-ի հետ գործակցող միջազգային առաջատար տեխնոլոգիական ու գիտակրթական կազմակերպությունների և տեղական ընկերությունների միջև փոխգործակցության զարգացումը:


© 2009 ARMENPRESS.am