Պուտինն առաջարկել է Կադիրովին կրկին մասնակցել Չեչնիայի ղեկավարի ընտրություններին

19:20, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին կրկին մասնակցել տարածաշրջանի ղեկավարի ընտրություններին, որոնք տեղի կունենան միասնական քվեարկության օրը՝ սեպտեմբերի 19-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Տեսակապի միջոցով Պուտինի հետ հանդիպմանը Կադիրովը հայտնել է, որ Չեչնիան լիովին պատրաստ է ընտրությունների անցկացմանը:

«Դուք շատ լավ գիտեք իրադրությունը ներսում, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ պետք է մասնակցեք ընտրություններին, առաջարկեք ձեր աշխատանքը»,- ասել է Պուտինը՝ հաջողություն մաղթելով Կադիրովին:

Ռամզան Կադիրովը ղեկավարում է Չեչնիան արդեն 14 տարի: Նա 2016 թվականին տեղի ունեցած ընտրություններին ստացել էր ձայների բացարձակ մեծամասնությունը՝  ավելի քան 97 տոկոսը:


© 2009 ARMENPRESS.am