Սեւան քաղաքում մեկնարկել են Սարգիս Սեւանեցի փողոցի հիմնանորոգման աշխատանքները  

12:51, 23 Հունիս, 2021

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Սեւան քաղաքում արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել եւ ընթանում են  Սարգիս  Սեւանեցի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ 

Սարգիս Սեւանեցի փողոցի հիմնանորոգման ենթակա աշխատանքներն ընդգրկելու են 6 917 քառակուսի մետր՝  700 գծամետր երկարությամբ։ Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ նախատեսված է կատարել եզրաքարերի քանդում եւ վերատեղադրում, նորերի տեղադրում, դիտահորերի վերականգնման, գծանշումների իրականացման, ճանապարհային նշանների տեղադրման եւ այլ կարգի  աշխատանքներ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 51 միլիոն 480 հազար  դրամ, որի 45 տոկոսը կամ 23 միլիոն 166 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 28 միլիոն 314 հազար դրամը՝ Սեւանի համայնքապետարանը:

  Նույն սուբվենցիոն ծրագրերով Սեւան քաղաքում ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն Նաիրյան փողոցում, Զորավար Անդրանիկ հրապարակում եւ բազմաբնակարան շենքերի 7 բակային տարածքներում։ «Համայնքի կողմից ներկայացված մյուս երկու ծրագրերն էլ արդեն ստացել են դրական եզրակացություն, եւ «Սեւան համայնքի Նաիրյան փողոցի եւ Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում», «Սեւան համայնքի թվով 7 բակային տարածքների ճանապարհների հիմնանորոգում» ծրագրային հայտերի ամբողջական փաթեթներն արդեն պատրաստվել եւ ուղարկվել են հաստատման: Բակային հատվածներն ընտրվել են ըստ առաջնահերթության: Այս տարի ծրագրում ներառվել են 1-ին, 4-րդ միկրոթաղամասերի, Նալբանդյան փողոցի 30, 32, 34, 36, 38, 40, Շահումյան փողոց 12, 14, 16, 18, գ. Գագարին, Գայի 1 շենքի, Աբովյան 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, Սայաթ-Նովա 18, 20 շենքերի բակային տարածքների ճանապարհները»,-ասացին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմում։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am