Դասասենյակն այսուհետ կրում է հերոս նահատակ Գորիս Վարագյանի անունը  

12:48, 23 Հունիս, 2021

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի թիվ 5 միջնակարգ դպրոցի նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասասենյակն այսուհետ կրում է Արցախյան վերջին պատերազմում զոհված Գորիս Վարագյանի անունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Գորիս Վարագյանի անունը կրող դասասենյակի ժապավենը կտրելու պատիվը տրվել է հերոսի մորը: Կտրվել է ժապավենը, եւ Ցամաքաբերդի հերոս զավակին նվիրված անկյունը ողողվել է  վարդերով:

«Դպրոցի աշակերտներն իրենց ավագ ընկերոջ մասին պատմող տեսաշարի ուղեկցությամբ ներկայացրին նրա կյանքը, բանաստեղծություններ ու երգեր ձոնեցին նրա հիշատակին: Գորիսի գործած սխրանքը նաեւ պատգամ է` ապրելու ու արարելու մեր բոլոր հերոսների փոխարեն, շարունակելու նրանց գործը: 20 տարին չբոլորած, հայրենիքին հավերժ զինվորագրված Գորիս Վարագյանի անունը կրող դասասենյակում շարունակվեց բացվել հիշողությունների կծիկը` միախառնված երախտագիտությանը: Լուսավոր տղայի մասին պատմությունները հաջորդեցին իրար` դասասենյակը լցնելով նրա շնչով ու ներկայությամբ: Ցամաքաբերդի միջնակարգ դպրոցն էլ միջոցառումներով հագեցած հերթական ուսումնական տարին ամփոփեց այս խորհրդանշական միջոցառմամբ, որը հավերժի ճամփան բռնած մեր քաջ ու լուսավոր տղաների հիշատակը հավերժ պահելու եւս մեկ նախաձեռնություն էր»,-նշեցին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am