ԱՄՆ-ն 8 մլրդ դոլար կտրամադրի համավարակից հետո օդանավակայանների աշխատանքի վերականգնման համար

12:34, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) դրամաշնորհների տեսքով 8 միլիարդ դոլար կտրամադրի երկրի օդանավակայանների կանոնավոր աշխատանքի վերականգնման գործում օգնության համար, որոնք վնաս են կրել կորոնավիրուսի համավարակի հետեւանքներից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հունիսի 22-ին հաղորդվում Է ԴԱՎ-ի կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում:

«Դրամաշնորհները (…) թույլ կտան պահպանել աշխատատեղերը եւ ավիացիոն հատվածին օգնել վերականգնվելու, մինչ ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են պատվաստում անցնում (կորոնավիրուսի դեմ) եւ կրկին սկսում են ճանապարհորդել»,- հայտարարության մեջ բերված Է ԱՄՆ-ի տրանսպորտի նախարար Փիտ Բութեջաջի խոսքը:

Տրամադրված միջոցները կուղղորդվեն աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը եւ շինարարության նախագծերի իրականացմանը, ճշտվում Է փաստաթղթում: Նաեւ դրամաշնորհները կարող են օգտագործվել տերմինալներում աշխատող տարբեր ընկերությունների վարձակալման վճարի նվազեցման համար: Չափանիշների համաձայն՝ ֆինանսավորում ստանալու համար օդանավակայանների ղեկավարությունը պետք Է աշխատանքի վարձի աշխատակիցների մինչհամավարակային թվի առնվազն 90 տոկոսին:

«ԴԱՎ-ը ձգտում Է համագործակցության ավիացիոն ճյուղի հետ, մինչ այն վերականգնվում Է համավարակի հետեւանքներից»,- հայտարարել Է ավիակարգավորիչի ղեկավար Սթիվ Դիքսոնը, որի խոսքը հրապարակված Է հայտարարության մեջ: Ինչպես նշված Է մամուլի տեղեկագրում, դրամաշնորհների ֆինանսավորումն ապահովվում Է համավարակի եւ դրա հետեւանքների դեմ պայքարի կարճաժամկետ միջոցների՝ երկրի նախագահ Ջո Բայդենի առաջարկած ծրագրի շրջանակում, որն ստացել Է American Rescue Plan անվանումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am