Ստեփանավանի ոստիկանները բացահայտել են Գյուլագարակում կատարված գողությունը

12:28, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 26-ի առավոտյան ոստիկանության Ստեփանավանի բաժին օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Գյուլագարակ գյուղի մթերային խանութից գողություն են արել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Օպերատիվ խումբը մեկնել էր Գյուլագարակ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել էր, որ ինքնությունը չպարզված անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ անցք են բացել խանութի թիթեղյա պատի մեջ, մտել ներս և հափշտակել տարբեր ապրանքներ։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Ոստիկանները, փոխգործակցելով Ստեփանավանի քննչական բաժնի ծառայողների հետ, դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզեցին, որ գողությունը կատարել է Վանաձոր քաղաքի 28-ամյա մի բնակիչ։ Հունիսի 15-ին նա Վանաձորից բերման ենթարկվեց և ներկայացվեց Ստեփանավանի քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։


© 2009 ARMENPRESS.am