ԿԽՄԿ նախագահը կարևորել է ՌԴ հետ համագործակցությունը Լեռնային Ղարաբաղում

10:01, 23 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) համագործակցության բարձր մակարդակ ունի Ռուսաստանի հետ, այդ թվում՝ Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ ռուսական ՏԱՍՍ-ին ասել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը:

 «Ռուսաստանը հարուստ պատմություն ունեցող երկիր է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, կասկած չկա, որ նա միջազգային հարթակի առանցքային դերակատարներից է և կարևոր դերակատարում ունի տարբեր ճգնաժամային իրավիճակներում, որտեղ գործում է ԿԽՄԿ-ն: Այս համատեքստում, մենք համագործակցում ենք ազդեցության շատ դերակատարների հետ, այդ թվում և Ռուսաստանի: Մենք տարբեր ոլորտներում ՌԴ հետ ունենք համագործակցության բարձր մակարդակ,ինչպես օրինակ Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի դեպքերում է»,- հայտարարել է Մաուրերը: Նա կարևորել է, որ միջազգային դերակատարները գործեն հումանիտար հարցերի կարգավորման գործում:

Հունիսի 23-ին ակնկալվում է Պետեր Մաուրերի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Մաուրերը նաև կմասնակցի միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի համաժողովին:


© 2009 ARMENPRESS.am