Հայ ժողովրդի դերը անգնահատելի է. հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին

19:22, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմի և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի մասին հիշելը այսօր առավել կարևոր է, քանի որ հենց այդ հիշողությունն է ուժ տալիս դիմակայելու այն մարտահրավերներին, որոնց մենք առերեսվում ենք այսօր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որն այցելել էր Երևանի Հաղթանակի զբոսայգի՝ ծաղկեպսակ դնելու անմար կրակի մոտ:

[gallery id= 64894]

«Այսօր առավել կարևոր է այսպիսի ամսաթվերը հիշելը, պատմության մասին հիշելը, քանի որ այդ իրադարձությունների մասին հիշողություն պահպանելն է ուժ տալիս դիմակայելու այն մարտահրավերներին, որոնց մենք առերեսվում ենք այսօր: Չէ՞ որ բոլորին էլ հայտնի է, որ նա, ով չի ուզում հիշել իր պատմությունը, դատապարտված է անցյալի սխալների ու ողբերգությունների կրկնմանը: Դա կարևոր է նաև այն պատճառով, որ ներկայումս մենք գնալով ակտիվ փորձերենք տեսնում կա՛մ մոռացության տալու մեր պատմության այդ էջերը, կա՛մ էլ խեղաթյուրելու այդ փաստերը, նսեմացնելու այն դերը, որը խաղաց խորհրդային ժողովուրդը ֆաշիզմի՝ այդ չարիքի, «դարչնագույն ժանտախտի» դեմ տարած հաղթանակի մեջ: Եվ կարծում եմ՝ մեզ համար պատվի հարց է պաշտպանելու մեր պապերի, մեր նախնիների հիշատակը, որոնք տվեցին ամեն ինչ, որպեսզի հասնեն հաղթանակի ոչ միայն Խորհրդային Միության, այլև ամբողջ մարդկության համար», - ասաց Սերգեյ Կոպիրկինը:

Ֆաշիզմի դեմ մղած պայքարի և միլիոնավոր մարդկային կյանքեր արժեցած հաղթանակի մասին հիշողությունը, դեսպանի խոսքով, մարդկությանը մի բան պետք է սովորեցնի՝ խաղաղությունը բացարձակ արժեք է, և պետք է անել ամեն ինչ, որ խաղաղությունն ու համերաշխությունը ժողովուրդների միջև, ի վերջո, թագավորի ամբողջ աշխարհում:

Իսկ Հայաստանի ու հայ ժողովրդի դերը Հայրենական մեծ պատերազմում, ինչպես դեսպան Կոպիրկինը ձևակերպեց, անգնահատելի է:

«Եթե վերցնենք բնակչության թվի հետ համամասնությամբ, ապա այն իսկապես շատ մեծ է: Շուրջ 600 հազար հայ մասնակցել է պատերազմին, 300 հազարը՝ զոհվել, ավելի քան 100 Խորհրդային Միության հերոս, մարշալներ, ծովակալներ… Կարծում եմ՝ մեկնաբանություններն այս պարագայում ավելորդ են: Ի դեպ, շատ կարևոր է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում պատերազմի մասին հիշողությունը սրբազան է: Սա այն տարրերից մեկն է, որը վկայում է, որ մեզ իսկապես շատ բան է միավորում թե՛ հոգեպես և թե՛ պատմականորեն», - ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:

Տեղեկացնենք, որ այսօր՝ հունիսի 22-ին, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Բելառուսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է Հաղթանակի զբոսայգի, ծաղկեպսակներ դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին: Այնուհետև նրանք այցելել են Վետերանների միություն՝ հանդիպելու և երախտիք հայտնելու հաղթանակը կերտած վետերաններին:

Հունիսի 22-ը հիշատակի օր է Հայրենական մեծ պատերազմի մասնակից բոլոր երկրներում:

80 տարի առաջ այս օրը՝ 1941 թ. հունիսի 22-ին, ֆաշիստական Գերմանիան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա: Խորհրդային Միության և հիտլերյան Գերմանիայի այս մեծ դիմակայությունը, որը տևեց 4 տարի և ավարտվեց ֆաշիստական ռեժիմի ջախջախմամբ և կապիտուլյացիայով, խորհրդային պատմագրության մեջ ստացավ Հայրենական մեծ պատերազմ անվանումը:

ՀՀ Պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ շեշտում է, որ խորհրդային բազմազգ ժողովուրդների կողքին արիաբար մարտնչեցին նաև մեր հայրենակիցները: Հայ ժողովրդի ներդրումը ընդհանուր հաղթանակի նվաճման գործում անգնահատելի է:

 

 


© 2009 ARMENPRESS.am