COVID-19. Հայաստանն առաջիկայում պատվաստանյութերի նոր խմբաքանակ ձեռք կբերի

15:47, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ձեռք բերման հարցում այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ չսահմանափակվի միայն ռիսկի խմբերով, այլ հնարավորություն տա, որ յուրաքանչյուր քաղաքացի իր ցանկությամբ ընտրի պատվաստանյութը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում պատվաստանյութերի նոր խմբաքանակի ձեռք բերում է սպասվում:

«Մենք շարունակում ենք մեր աշխատանքը «Կովաքս» հարթակի հետ, որը մեզ նոր պատվաստանյութեր է առաջարկել՝ «Johnson & Johnson»-ի,  ինչպես նաև ամերիկյան արտադրության «Նովավաքս» պատվաստանյութեը: Կլինեն նաև «AstraZeneca»-ի նոր խմբաքանակներ»,-ասաց Գայանե Սահակյանը:

Հայաստանն օրերս «Սպուտնիկ V»-ի  նոր խմբաքանակ է ձեռք բերել, արդյոք պատվաստումների չափանիշները կփոխվե՞ն: Գայանե Սահակյանը նշեց, որ դա կախված է նոր ձեռք բերվող խմբաքանակի ծավալներից:

«Ցանկություն ենք հայտնել բավական մեծ քանակությամբ պատվաստանյութ ձեռք բերել ՌԴ-ից, սակայն արտադրական խնդիր կա այնտեղ: Դա էր պատճառը, որ մեր երկրորդ խմբաքանակը՝ 60 հազար դեղաչափը, նախատեսված 30 հազար անձի համար, ուշացավ: Մենք ՌԴ-ի հետ բանակցությունները շարունակում ենք՝ հասկանալու համար խմբաքանակների հետ կապված հասանելիությունը: Ըստ այդմ կփոխվի նաև «Սպուտնիկ V»-ի հետ կապված պատվաստումային գործընթացի քաղաքականությունը»,- ասաց Գայանե Սահակյանը:


© 2009 ARMENPRESS.am