Մահացել է Հայաստանի առաջին դեմքերի ինքնաթիռի հրամանատար Ալեքսանդր Բալտայանը

15:43, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մահացել է Հայաստանի Հանրապետության առաջին դեմքերի ինքնաթիռի հրամանատար Ալեքսանդր Բալտայանը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի «Ֆեյսբուքի» էջից։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Ալեքսանդր Բալտայանի մահվան կապակցությամբ իր խորին ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

«Ալեքսանդր Բալտայանը քաղաքացիական ավիացիայում իր գործունեությունը սկսել է 1972 թվականին: Իրականացրել է թռիչքներ ԱՆ-2, Իլ-18 և Տու-134 օդանավերի վրա՝ որպես հրամանատար: Իր ավիացիոն գործունեության ընթացքում երկար տարիներ զբաղեցրել է թռիչքային ղեկավար պաշտոններ: Եղել է երկրի 1-ին դեմքերի ինքնաթիռի հրամանատար։

Ավիացիայի բնագավառում երկարամյա և անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով, ունի այլ  պարգևներ։

Գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող անվանի օդաչու Ալեքսանդր Բալտայանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»,- նշված է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am