Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ ՌԴ-ն կշարունակի համագործակցությունը ՀՀ-ի նոր խորհրդարանի հետ
15:30, 22 Հունիս, 2021ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցությունը Հայաստանի ընտրված խորհրդարանի հետ՝ հույս հայտնելով, որ
Հայաստանի նոր ղեկավարությունը ևս կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Մատվիենկոն այս մասին հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես հույս ունեմ, որ և´ Հայաստանը, և´ Հայաստանի նոր ղեկավարությունը նույնպես շահագրգռված կլինեն շարունակել ՌԴ-ի հետ տնտեսական, քաղաքական, արտաքին քաղաքական համագործակցությունը, այդ թվում միջխորհրդարանական փոխգործակցությոընը», - ասել է Մատվիենկոն:
«Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա դրանք առայժմ նախնական են։ Գիտեք, որ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռեւս չեն հրապարակվել, սակայն առաջին տեղեկություններով հայտնի է, որ կհաղթեն այն քաղաքական ուժերը, որոնց հետ ՌԴ-ն արդեն աշխատել է վերջին տարիներին, որոնց հետ կազմակերպվել են աշխատանքային շփում, համագործակցություն, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ», - ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահը։
© 2009 ARMENPRESS.am