Ավագանու անդամ Լիլիթ Կիրակոսյանը տագնապալի է համարում ապօրինի ծառահատումները Դալմայի այգիներում

15:02, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Կիրակոսյանը վստահեցնում է՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում սնկի պես աճում են ապօրինի շինությունները: Նա տագնապալի է համարում  նաև ապօրինի ծառահատումները Դալմայի այգիներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կիրակոսյանը խոսեց հունիսի 22-ին Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստում:

«Ապրում եմ Արարատյան զանգվածում,… որտեղից սկսվում են Դալմայի այգիները: Այգիների ծառահատումները և բետոնապատ մեծ շենքերի կառուցումը դարձել են ամենօրյա գործողություններ: Օր օրի այդ տարածքում բնակելի շենքեր, փոքրիկ տներ են կառուցվում, և ոչ ոք չի կարողանում խոչընդոտել այդ գործընթացը»,- նշեց նա:

Կիրակոսյանն անդրադարձավ նաև Սայաթ-Նովա, 5-ի ապօրինի մանսարդի կառուցմանը և նշեց, որ այդ մասին արդեն բարձրաձայնվել է, բայց աղմուկից հետո ոչինչ չի փոխվել, իսկ շինության կողքին առավել մեծ մանսարդ է  կառուցվել:

Նրա խոսքով՝ պետք է դադարել մեղադրել միմյանց ու լինել առավել ուշադիր: Կիրակոսյանը, դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, խնդրեց շատ հետևողական լինել և օրենք մշակել, որը կնպաստի ապօրինությունների վերացմանը:

Հայկ Մարությանը խնդրեց Սայաթ Նովա, 5-ի և մյուս հարցերի շուրջ խոսել նաև ավագանու հարցուպատասխանի ընթացքում, որին ներկա կլինեն նաև վարչական շրջանների ղեկավարները:


© 2009 ARMENPRESS.am