Լիտվան իր աջակցությունն է հայտնել խաղաղ ու անվտանգ երկրում ապրելու հայ ժողովրդի ձգտմանը

13:00, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի պաշտոնական կայքը:

Գիտանաս Նաուսեդան Փաշինյանին նոր կառավարության կազմման պատասխանատու գործում  մաղթել է հաջողություններ, համբերություն ու նվիրում: «Քաղաքական կայունությունը հատկապես կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար վերջին պատերազմից հետո: Մենք աջակցում ենք հայ ժողովրդի ձգտմանը՝ ապրել խաղաղ, անվտանգ ու կայուն պետությունում»,- ասել է նախագահ Նաուսեդան:

Նա ընդգծել է Հայաստանի ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունը պահելու, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի միջև ու հասարակության ներսում տարանջատումները հաղթահարելու ու բոլորին միավորելու կարևորությունը՝ ի շահ պետության: Լիտվայի նախագահը կոչ է արել ակտիվ ջանքեր գործադրել բարեփոխումներ իրականացնելու հարցում՝ հանուն Հայաստանի և ԵՄ միջև հաջող ու արդյունավետ համագործակցության: Նա շեշտել է, որ սա հատկապես կարևոր է ԵՄ-Հայաստան համագործակցության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու տեսանկյունից:


© 2009 ARMENPRESS.am