Նոր արժեքավոր ուսումնասիրություն Հայրենական Մեծ պատերազմի հայազգի վաստակաշատ գնդապետի մասին

12:05, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ։ Հունիսի 22-ին նախկին Խորհրդային Միության ժողովուրդները հիշում են  Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը: Տարելիցին ընդառաջ Երևանի «Լիմուշ» հրատարակչությունը լույս է ընծայել «Անվանի զինվորականը և տեսաբանը. Սարգիս Վարագի Սարգսյանի կյանքը և գիտական ժառանգությունը» (“Знаменитый военный и теоретик: жизнь и научное наследие Саркиса Вараговича Саркисяна”) մենագրությունը: Գրքի հեղինակն է պատմական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Հակոբ Հարությունյանը: Աշխատությունը պատմոմ է նախկին ԽՍՀՄ Զինված ոժերի պաշտոնաթող գնդապետ Սարգիս Սարգսյանի (1899-1981 թթ.) անցած ուղու և գիտական-ստեղծագործական ժառանգության մասին:

Գնդապետ Ս.Սարգսյանը անցել է պրոֆեսիոնալ զինվորականի հերոսական ու փառահեղ ուղի:  Արդեն 15 տարեկան հասակում նա ընդգրկվել է հայկական կամավորական ջոկատներում և մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, ապա կռվել է 1918թ. Սարդարապատի հերոսամարտում:

Խորհրդային շրջանում նա զբաղեցրել է մի շարք պատասխանատու զինվորական պաշտոններ Հայկական ԽՍՀ-ում: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1942-1945թթ.) նա եղել է հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի 400-րդ հրետանային գնդի հրամանատարը: Ուշագրավ է, որ գնդապետ Ս.Սարգսյանի հետ այս պատերազմին մասնակցել են նաև նրա ավագ որդին և դուստրը ամուսնու հետ, իսկ կրտսեր որդին այդ տարիներին աշխատել է Երևանի ռազմական գործարաններից մեկում: Գործած սխրանքների համար Ս.Սարգսյանն ու նրա զավակներն արժանացել են պետական ու կառավարական բարձր պարգևների:

Պրոֆեսեոր Հ.Հարությունյանը փաստում է, որ Սարգիս Սարգսյանին հարկ է համարել հին հայկական ռազմարվեստի ուսումնասիրության հիմնադիրը հայ իրականության մեջ, որովհետև նրա գրչին է պատկանում «Հայ ռազմական արվեստի պատմությունից (Երևան, 1969 թ., «Հայաստան» հրատ. 219 էջ)» արժեքավոր մենագրությունը, որը բաղկացած է 10 գլուխներից: Ժամանակագրորեն այն ընդգրկում է Հայկի և Բելի հանրահայտ ճակատամարտից մինչև արաբական առաջին՝ դեպի Հայաստան կազմակերպված արշավանքները (մ.թ. VII դ. սկիզբը):

Գնդապետ Ս.Սարգսյանի կյանքին և գիտական ժառանգությանը նվիրված մենագրությունը բաղկացած է 4 գլուխներից: Առաջաբանի հեղինակն է հայկական բանակի հիմնադիրներից մեկը, վաստակաշատ գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Մասնագետների գնահատմամբ այս գիրքը շատ օգտակար կլինի հայկական զինվորական ուսումնական հաստատությունների սաներին և ունկնդիրներին, ինչպես նաև բոլոր այն գիտնականներին և փորձագետներին, որոնք կուզենան խորանալ Հայրենական Մեծ պատերազմի և հայկական ռազմարվեստի պատմության հիմնահարցերում: Մենագրությունը հասցեագրված է ոչ միայն այդ մասնագետներին, այլ նաև ընթերցողների լայն շրջանակին: Գիրքը անվճար կբաժանվի Հայաստանի Հանրապետության ռազմական ուսումնական հաստատությունների և ակադեմիական ու բուհական բոլոր գրադարաններին:


© 2009 ARMENPRESS.am