«Հայաստան» դաշինքը պատգամավորական մանդատներ վերցնելու վերջնական կարծիք չունի. Քոչարյանը հակված է վերցնելուն

12:00, 22 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ստացել են իրենց պայքարը շարունակելու համար շատ լուրջ, նոր հնարավորություններ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանն այս մասին ասաց հունիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ Քոչարյանը նշեց, որ նախագահական ընտրություններ չեն, նախագահական ընտրություններում «պրիզը» մեկն է, խորհրդարանական ընտրություններում լինում են առաջին, երկրորդ տեղ և չեն պարտվում։

«Մենք դեռ դաշինքում մանդատներ վերցնելու հարցի վերաբերյալ վերջնական կարծիք, վերջանական որոշում չունենք», -ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ինքը հակված է մանդատները վերցնելուն։

Ընտրությունների նախնական արդյունքներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:


© 2009 ARMENPRESS.am