ՀՀ կառավարությունը, ժողովուրդը կան ու կլինեն Արցախի կողքին. Փաշինյանը կոչ արեց արմատախիլ անել հակադրության որևէ փորձ

22:01, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը կոչ արեց արմատախիլ անել Հայաստանի և Արցախի հայության միջև հակադրություններ սերմանելու ցանկացած փորձ՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը, ժողովուրդը Արցախի, նրա ժողովրդի կողքին են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց  Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին:

«Ցավոք՝ ոմանք փորձեցին նորից իրենց նեղ քաղաքական նպատակների համար հակադրություններ սերմանել Արցախի և Հայաստանի հայության միջև: Ես ուզում եմ ասել, որ դա անթույլատրելի է: Հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին, Արցախի ժողովրդի կողքին»,-ասաց Փաշինյանը:

Նա առաջարկեց բարձր ծափերով հավաստել, որ Հայաստանն անմնացորդ նվիրված է Արցախի իր եղբայրներին և քույրերի, նվիրական երազանքներին և Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը ՝ անջատում հանուն փրկության բանաձևի շրջանակներում:

Փաշինյանը հավելեց, որ աղետից հետո ՀՀ կառավարությունը տասնյակ միջոցառումներ է իրականացրել, Արցախի որևէ բնակիչ չի մնացել առանց ՀՀ կառավարության աջակցության:

«Հայաստանի ժողովուրդը և կառավարությունը կանգնել են արցախցիների կողքին, և մենք միասին պետք է արմատախիլ  անենք մեր միջև հակադրություններ սերմանելու որևէ փորձ»,-նշեց նա:

Փաշինյանը հավելեց, որ ՀՀ կառավարությունը, սփյուռքը, Արցախի կառավարության հետ համատեղ մեկնարկել են Արցախում բնակարանաշինության ու ենթակառուցվածքների 100 մլրդ դրամի ներդրումային ծրագիր: Նա նշեց, որ դա ավելին է, քան 1990 թվականից ի վեր Արցախում կատարված բոլոր ներդրումները միասին վերցրած:


© 2009 ARMENPRESS.am