Իրավապահները մեղադրանք են առաջադրել նախընտրական շտաբի պետին և քաղաքացուն

21:21, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի՝ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի մի շարք հանգամանքներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2021թ. հունիսի 20-ին թիվ 29/20 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկություն կատարելուց հետո փորձել է ընտրատեղամասից դուրս բերել քվեաթերթիկ, ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից:

Նույն օրը բերման ենթարկված քաղաքացին հայտարարել է, որ ժամը 11:00-ի սահմաններում՝ նշված ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո, քվեաթերթիկը վերցրել է իր հետ, որպեսզի ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցություններից մեկի շտաբի ղեկավարի հորդորով այն փոխանցի վերջինիս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ շտաբի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություններ են ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2009 ARMENPRESS.am