ՌԴ Դաշնային խորհրդի անդամը հայտարարել է, որ Հայաստանում կայացած ընտրություններն անցել են երկրի օրենսդրությանը համապատասխան

15:00, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են երկրի ազգային օրենսդրությանը և միջազգային չափանիշների համապատասխան, իսկ դիտորդների կողմից արձանագրված ոչ նշանակալի խախտումները չէին  կարող ազդել քվեարկության արդյունքների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ դաշնային խորհրդի անդամ Վիկտոր Սմիրնովը:

«Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններն անցել են երկրի ազգային օրենսդրության և միջազգային չափանիշների համապատասխան: Այն ոչ նշանակալի խախտումները, որոնք արձանագրել են միջազգային դիտորդները, տեխնիկական բնույթ են կրել և, անկասկած, չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա»,- ասել է Սմիրնովը:

Նա ասել է, որ քվեարկության օրն անձամբ այցելել է 17 ընտրական տեղամաս, իսկ ընդհանուր առմամբ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների խումբը եղել է Հայաստանի մայրաքաղաքի և մարզերի 77 ընտրական տեղամասում: Խորհրդարանականի խոսքով՝ սենատորները հանդիպել են նաև Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարության, մի շարք քաղաքական կուսակցությունների և ընտրական դաշինքների ներկայացուցիչների հետ:

«Քվեարկությանը օրը դրսևորվեց տեղամասային ընտրական հանձնաժողովների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պրոֆեսիոնալիզմը: Ամենուր, որտեղ մենք եղել ենք, կազմակերպված աշխատանք է իրականացվել, ճշգրիտ կերպով իրացվել է հանրապետության ընտրական օրենսդրությունը»,- նշել է Սմիրնովը:

Նա նաև հավելել է, որ այն ընտրական տեղամասերում, որտեղ իրենք եղել են, ընտրողների բարձր ակտիվություն է եղել, պահվել են երկրում գործող հակահամաճարակային կանոնները՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ:


© 2009 ARMENPRESS.am