Նստել սեղանի շուրջ, չհրահրել բախումներ. ՌԴ պատգամավորի անդրադարձը ՀՀ ԱԺ ընտրություններին

13:32, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքացիները, որոնք քվեարկել են խորհրդարանական ընտրություններին, հանդես են եկել ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացման օգտին: Հակառուսական ուժերը չեն հավաքել նույնիսկ 1 տոկոս ձայն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է  ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին:

Պատգամավորը նշել է, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ մինչև կեսօր արդեն մասնակիցների շրջանում բավական ակտիվ մասնակցություն է գրանցվել, նույնիսկ ընտրատեղամասերում հերթեր են գոյացել: Նրա կարծիքով, ընտրողների համար գլխավոր հարցերից է եղել սոցիալ-տնտեսական, քաղաքական ուղղությամբ ՌԴ-ի հետ հարաբերություններն ավելի խորացնելը: Նրանք այն մարդիկ են, որոնք քվեարկել են այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի օգտին:

Վիկտոր Վոդոլացկին նշել է, որ պարտված կուսակցությունները պետք է իրենց համար դժվար որոշում ընդունեն ու նստեն բանակցությունների սեղանի շուրջ:

«Պետք է նստել սեղանի շուրջ, մարդկանց չհանել փողոց, չհրահրել բախումներ, այլ նստել և պայմանավորվել ի նպաստ Հայաստանի»,-նշել է պատգամավորը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 20-ին: ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ հունիսի 20-ի ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 1 միլիոն 281 հազար 174 ընտրող`49.4 տոկոսը։ Կուսակցությունների համար անցողիկ շեմն է 5, իսկ դաշինքների համար` 7 տոկոսը։ 53.92 տոկոսով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 21.04%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23% ձայները:

 

 


© 2009 ARMENPRESS.am