Սամվել Բաբայանը քվեարկել է հանուն հզոր և ուժեղ երկրի

13:12, 20 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատական» կուսակցության ցուցակի առաջին համար Սամվել Բաբայանը հունիսի 20-ին քվեարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա իր ընտրությունը կատարել է Երևանի 9/46 ընտրատեղամասում:

Լրագրողների հետ զրույցում Բաբայանն ասել է՝ քվեարկել է, որ «ուժեղ ապրեք, չվախենաք, հզոր լինեք»:

«Մարդիկ պետք է հանգստանան, հանգիստ լինեն: Ընտրություն է. ոչ դրանով սկսվում է, ոչ ավարտվում»,-նշել է նա:

Բաբայանի խոսքով՝ ընտրություններից հետո լարվածություն լինելու է, որովհետև 26 կուսակցությունից 3-4-ն են անցնելու, իսկ մյուսները պարտվելու են: «Բնական է՝ լարված կլինեն: Մարդիկ չարչարվել են, և եթե չեն ստացել ժողովրդի վստահությունը, լարված կլինեն: Եթե առաջին և երկրորդ տեղի միջև տարբերությունը մեծ լինի, բախումներ չեն լինի»,-շեշտել է Սամվել Բաբայանը:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։


© 2009 ARMENPRESS.am