Նոր Զելանդիայում պտտահողմի հետևանքով 1 մարդ է մահացել, 2-ը՝ վիրավորվել

14:57, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր Զելանդիայի ամենամեծ՝ Օքլենդ քաղաքում տեղի ունեցած պտտահողմի հետևանքով մեկ մարդ է մահացել, երկուսը վիրավորվել են: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «DailyMail»-ը, շաբաթ առավոտյան պտտահողմ է եղել քաղաքի արվարձաններում։

Պտտահողմի հետևանքով պատճառվել է նաև նյութական վնաս: Քանդվել են տների տանիքներ, կոտրվել են շենքերի ապակիներ, տապալվել են ծառեր և անջատվել են էլեկտրահաղորդման գծեր:

Հրշեջ-փրկարարներն աշխատում են հետևանքների վերացման ուղղությամբ, նրանք գտնվում են ավելի քան 100 վայրում։

Քամու ուժգնությունն այնպիսին է եղել, որ ծովային բեռնարկղերը շրջվել են Օքլենդի նավահանգստում, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը վիրավորվել։ Վիրավորները շտապ տեղափոխվել են հիվանդանոց։

 


© 2009 ARMENPRESS.am