Պատմության հետագծով 

11:00, 19 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1920 թ. հունիսի 19-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն եւ վիրավորեց նրա ընկեր Խան Մահմադովին` Բաքվի խորհրդարանի «Մուսավաթ» կուսակցության հիմնադրին:

-1996 թ. հունիսի 19-ին մահացել է Մայքլ Տեր-Պողոսյանը՝ հայազգի ֆիզիկոս, գյուտարար: 1977 թ. Միքայել Տեր-Պողոսյանը ստեղծել է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը։ Տոմոգրաֆն օգտագործվում է քաղցկեղային գոյացության հայտնաբերման համար, ինչպես նաեւ՝ սրտային հիվանդությունների վերահսկման ժամանակ։ Այն հեղաշրջում առաջ բերեց ուղեղի ֆունկցիաների ըմբռնման ասպարեզում։

-1097 թ. հունիսի 19-ին Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավեցին Նիկիա քաղաքը։

-1807 թ. հունիսի 19-ին ռուս-թուրքական պատերազմի (1806-1812 թթ.) ժամանակ Աթենքի մոտ ծովային ճակատամարտում ռուսները ջախջախեցին թուրքական բանակը։

 

Հետաքրքիր փաստեր

-Երկրագնդի ցամաքը զբաղեցնում է շուրջ 13,6 միլիարդ հեկտար տարածք, որից 1 միլիարդը մարդն այսօր օգտագործում է գյուղատնտեսական նպատակներով։ Նա մշակում է բույսերի ավելի քան 400 տեսակ, որոնց մեծ մասը հացահատիկային են։

-Ցորենը հացազգիների ընտանիքին պատկանող բույս է, ունի ավելի քան 25 տարատեսակ՝ վայրի եւ մշակովի։ Այդ տեսակներից շատերի հայրենիքը Հայաստանն է, օրինակ՝ վայրի ուրարտական ցորենի, արարատյանի (վերջինս աճում եւ պահպանվում է «Էրեբունի» արգելոցում՝ Կոտայքի եւ Արարատի մարզերի սահմանագծում)։

-Դեռեւս 2500 տարի առաջ Արարատյան դաշտում մշակվել է միահատիկ ցորենը։

-Ցորենի սերմերն սկսում են բուսնել 1-2 0C ջերմաստիճանի պայմաններում, սակայն նրանց համար լավագույն ջերմաստիճանը 12-15 0C-ն է։ Ձյան ոչ բարակ շերտի տակ աշնանացան ցորենը դիմանում է մինչեւ -20 0C ցրտին, իսկ երբ դաշտերին կես մետր բարձրության ձյուն է իջնում, ցորենը դիմանում է մինչեւ -40 0C-ին։ Գարնանացան ցորենի ծիլերը դիմանում են -13 0C-ին, սակայն հատիկալիցքի փուլում չնչին ցուրտն էլ բավական է, որպեսզի բույսը վնասվի։

-Ցորենը սննդարար է, ունի բարձր կալորիականություն, պարունակում է սպիտակուցներ (10-25 տոկոս), ածխաջրեր (60-64 տոկոս), ճարպեր, վիտամիններ, ֆերմենտներ, ֆոսֆոր, երկաթ, կալցիում, հանքային նյութեր։ Այն նաեւ կարեւոր պարենային նշանակություն ունի։

-Ցորենից ստանում են նաեւ սպիրտ, օսլա, սոսինձ։ Իսկ ծղոտն օգտագործում են որպես ցամքար եւ կեր, նաեւ որպես թղթի հումք։

Ա. Հ.   


© 2009 ARMENPRESS.am