Դատախազությունը ուսումնասիրում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենին վերագրվող ձայնագրությունը

16:48, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է  համացանցում հրապարակված ձայնագրությունը, որը վերագրվում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Համացանցում հրապարակված ձայնագրության մեջ  որպես բժիշկ Արմեն Չարչյան ներկայացած անձը պարտադրում է աշխատակիցներին մասնակցել ընտրություններին:

Չարչյանին վերագրվող ձայնագրության մեջ, մասնավորապես, հնչում է. «Ես ասեմ՝ ես ինքս «Հայաստան» դաշինքի 20 համարն եմ, դա շատ բարձր տեղ ա և, այսպես ասած, «պոլն ի պռախոդնի» տեղ ա: Բայց ես այստեղ եկել եմ ոչ որպես քաղաքական գործիչ, ես հիմա ներկայացնում եմ ոչ թե «Հայաստան» դաշինքը, այլ ներկայացնում եմ ինքս ինձ՝ Արմեն Չարչյան, ձեր կոլեգան, բժիշկ, քաղաքացի, Հայ֊առաքելական եկեղեցու հետևորդ։ Մենք պետք ա, եկել եմ, որ հորդորեմ ձեզ բոլորիդ և պահանջեմ բոլորից, որ գնաք ընտրությունների։ Պարտադիր պետք է գնաք ընտրությունների, թողնել, որ քո տեղը ինչ-որ մեկն ինչ-որ բան ընտրի՝ էտ նշանակում ա, որ քո երեխաների, քո թոռների, քո հետագա սերունդների ճակատագիրը թողնել ինչ-որ մեկին։ Հետո ասում են՝ ես ընտրությունների չգնացի, տեսա՞ք էս ինչ արին սրանք, և այլն, և այլն։ Չէ: Իմ պահանջն է ձեզ, պահանջն է բոլորիդ, որ պարտադիր գնաք ընտրությունների: Ավելին ասեմ՝ ես, էսօր լինելով «Հայաստան» դաշինքում, տեխնիկապես հնարավորություն ունեմ ստուգելու ցուցակները, ստուգելու՝ ով ա գնացել ընտրությունների:»

 


© 2009 ARMENPRESS.am