Համալսարանների հայտարարագրած տեղերը երկու անգամ ավելի շատ են շրջանավարտների քանակից

15:34, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ընթացիկ տարում շրջանավարտների թիվը երկու անգամ ավելի քիչ է, քան համալսարանների հայտարարագրած տեղերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

«Մրցակցային դաշտ է, համալսարաններում որոշ թափուր տեղեր կմնան: Ապագայում խնդիրը կփորձենք կարգավորել, այդ խզումը շատ է, բայց ամեն բուհ հայտարարագրում է տեղերի առավելագույն քանակը, քանի որ դրանք շահագրգռված են շատ ուսանողներ ունենալ»,- նշեց Դումանյանը և հավելեց, որ բուհերի ներսում բաշխվածությունը հետագայում կերևա:

ՀՀ-ում մինչ օրս քննություն անց է կացվել «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Առաջիկայում՝ հունիսի 22-ին դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա», ապա հունիսի 25-ին՝ «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից:

 


© 2009 ARMENPRESS.am