Սեւանի մանկական վերականգնողական կենտրոնը սկսում է իր գործունեությունը

13:52, 18 Հունիս, 2021

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան քաղաքի Դեմիրճյան,17 հասցեում գործող մանկապարտեզի տարածքում` «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» աջակցությամբ արդեն տրվել է մանկական վերականգնողական կենտրոնի գործունեության մեկնարկը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, դեռեւս երկու տարի առաջ Սեւան համայնքի կողմից կենտրոնի գործունեության ապահովման համար մանկապարտեզի մասնաշենքից տրամադրվել է համապատասխան տարածք, որը վերանորոգվել է, կահավորվել ու արդեն գործում է լիարժեք: Շուրջ 50 երեխա արդեն կենտրոնի շահառուներն են, եւս 100-ը հերթագրվել են:

Սեւանի վերականգնողական կենտրոնի պաշտոնական բացման արարողակարգին ներկաները եւ հրավիրյալները նախ ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, փոքրիկ այցելուներին, իրականացվող աշխատանքների ուղղվածությանը, հետագա ծրագրերին: Պաշտոնական արարողակարգին մասնակցել են  ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանը, կենտրոնի բացման ակունքներում կանգնած Արա Բաբլոյանը, բարերար Զաբել Վասիլյանը, Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Մանուկյանը, Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, պաշտոնական այլ անձինք։ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի առողջապահական ծրագրերի համակարգող Զարուհի Ջանիբեկյանի ուղեկցությամբ նրանք կենտրոնում կատարել են շրջայց, որի ընթացքում հնարավորություն են ունեցել կիսվել իրենց տպավորություններով: «Կենտրոնի հիմնական գործառույթներն են՝ հաշմանդամություն եւ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների համար մասնագիտացված աշխատանքների իրականացում, որի շնորհիվ էականորեն բարելավվելու են նրանց կյանքի որակը: Ներկայումս կենտրոնում աշխատում են 16 հոգի, որոնցից 13-ն իրականացնում են նեղ մասնագիտական գործունեություն:

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամը» ակտիվորեն համագործակցում է Սեւանի համայնքապետարանի հետ: Համայնքի կողմից կենտրոնին տրամադրվել է եւս մեկ տարածք՝ այս անգամ մեծահասակների վերականգնողական կենտրոն հիմնելու նպատակով: Համայնքապետարանը պատրաստակամ է՝ աջակցելու կենտրոնի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը»,- նշեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am