Հայաստանն ու Իրանը պլանավորում են օպերատիվ կապ ստեղծել Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև

12:08, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Նորդուզ սահմանային անցակետում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Իբրահիմ Նաղդիի գլխավորած պատվիրակության հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Օրակարգում  եղել են մի շարք աշխատանքային հարցեր, որոնք վերաբերում են երկու երկրների միջև առևտրաշրջանառության զարգացման խթանման նպատակով Մեղրիի և Նորդուզ անցումային կետերում գործընթացների առավել դյուրին և սահուն իրականացմանը: Դիտարկվել է նաև երկու երկրների միջև ծագող խնդիրների արագ, արդյունավետ լուծման մեխանիզմների և հարթակների ստեղծման հարցը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկմանը վերաբերող հարցեր:

Հայ և իրանցի գործընկերները պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների գործակցությունը, ինչը դրական կանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման և խնդիրների առավել արագ լուծման գործընթացի վրա: Նախատեսվում է՝ երկու գործընկեր կառույցների մասնագետների տեսակոնֆերանսների միջոցով առավել մանրամասն քննարկել համատեղ աշխատանքների իրականացման տեխնիկական հարցերը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև պարբերական դարձնել բարձր մակարդակի հանդիպումները՝ երկու բարեկամ երկրների մաքսային ծառայության ոլորտին առնչվող ընթացիկ խնդիրներին օպերատիվ  լուծումներ տալու նպատակով:


© 2009 ARMENPRESS.am