Կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց չեք կարող վտանգի տակ դնել ազատությունը, ժողովրդավարությունը. Միրզոյան

20:57, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի անդամ Արարատ Միրզոյանը համարում է, որ Հայաստանն ունի ընտրության երկու ճանապարհ, և առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս ճանապարհի ընտրության հարցում համարեց անկյունաքարային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը նման տեսակետ հայտնեց Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքին:

Միրզոյանը նախ ներկայացրեց այն, ինչ արել են 3 տարվա ընթացքում՝ հորդորելով հաշվի առնել, որ առաջին տարում չեն ունեցել խորհրդարանական մեծամասնություն, հետևաբար՝ անհրաժեշտ գործիքներ բարեփոխումների համար, հիշեցնելով կորոնավիրուսի համավարակի, նաև պատերազմի մասին:  Քաղաքական համակարգի բարեփոխումներից նա նշեց Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը և կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունը: Դատաիրավական բարեփոխումների մասին խոսելիս՝ Միրզոյանը նշեց, որ, ցավոք, դրանք դեռ անավարտ են, սակայն հիշատակեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումը: Նա հիշեցրեց պետբյուջեի հարկերի՝ ավելի քան 26 տոկոսով ավելացման մասին, նվազագույն աշխատավարձի բարձրացման և այլ բարեփոխումների մասին:

« Նրանք, ովքեր այստեղ կանգնած են և նրանք, ովքեր հիասթափվել են կամ տատանվում են, այս ընտրությունների ելքը որոշելու է ոչ թե մեր՝ հարթակում կանգնածների իշխանության լինել-չլինելու հարցը, այլ նշածս փոփոխությունների շարունակականության հարցը: Դուք կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց դուք չեք կարող հիասթափվել ձեր երազանքներից՝ ձեր և ձեր երկրի մասին պատկերացումներից: Դուք կարող եք հիասթափված լինել մեզանից, բայց դուք չեք կարող կասկածի և վտանգի տակ դնել ազատությունը, հավասարությունը և ժողովրդավարությունը: Դուք չեք կարող կասկածի տակ դնել այս արժեքների համար 3 տարի առաջ ձեր իսկ մղած պայքարը»,-ասաց Միրզոյանը:

Ըստ նրա՝ այս հանգրվանում Հայաստանն ունի երկու հնարավոր ճանապարհ: Եվ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս ճանապարհի ընտրության հարցում նա համարեց անկյունաքարային: «Առաջին՝ հանձնվել, համակերպվել, կոտրվել, վերադառնալ անցյալ, դեպի քաղաքացու վճռորոշ դերի զրոյացում, քաղաքացու ունեզրկում, կեղծված ընտրությունները: Եվ երկրորդ՝ ճեղքել հուսահատության շղթան, դուրս գալ հոգեբանական փակուղուց, շտկել մեջքը՝ առանց դադարելու շարունակել անհրաժեշտ բարեփոխումները և քայլ առ քայլ կառուցել Հայաստանի ապագան: Եվ այդ ապագան հաստատապես կա: Եվ ընտրությունն էլ միանշանակ է՝ ապագա կա»,-ասաց Միրզոյանը:

 


© 2009 ARMENPRESS.am