Հայաստանում իրականացվել է Վիշեգրադյան քառյակի փորձը երկրի բարեփոխումների առաջխաղացման համար ծրագիրը

17:29, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի օժանդակությամբ իրականացված «Վիշեգրադյան քառյակի փորձը Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համար» ծրագիրն ամփոփվել է հունիսի 16-ին կայացած միջոցառմամբ:  

ՔՀԿ փորձագետ Վիկտորյա Մելքոնյանը ներկայացրել է «Տեղեկատվական հասարակության ձևավորումը և էլեկտրոնային կառավարման արդյունավետ գործարկումը՝ Հայաստանում մասնակցային ժողովրդավարության զարգացման գրավական» վերլուծությունը, այնուհետև Առողջապահության տնտեսագետների ասոցիացիայի նախագահ Սամվել Խարազյանը և առողջապահության նախկին փոխնախարար Ավետ Գրիգորյանը ներկայացրել են «Հայաստանի առողջապահության համակարգը. անցյալից դեպի ապագա» վերլուծությունը։ Քննարկմանը մասնակցել են ոլորտների փորձագետներ և պաշտոնատար անձինք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփելով ծրագիրը, Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը հակիրճ ներկայացրել է ծրագրի արդյունքները՝ մասնավորապես նշելով, որ բացի մինչ այդ ներկայացրածներից, ծրագրի շրջանակում հրապարակվել էր իր հեղինակած «Կենտրոնական Եվրոպայի երկրների քաղաքականությունը» հոդվածը, ինչպես նաև վերլուծություններ քաղաքացիական անվտանգության ոլորտի բարեփոխման և կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարների վերաբերյալ, և շնորհակալություն հայտնեց նաև դրանց հեղինակներին՝ սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանին և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանին, նաև լեհ, հունգարացի, չեխ և սլովակ փորձագետներին, որոնց մասնակցությամբ սեմինարները մեծապես նպաստել էին կատարված վերլուծություններին, ինչպես նաև ՔՀԿ թիմին և միջոցառման մասնակիցներին։

Միջոցառումը եզրափակվել է ընդունելությամբ և ոչ ֆորմալ քննարկմամբ՝ Սլովակիայի փոխդեսպան Պավոլ Պոպյակի և Լեհաստանի դեսպանատան առաջին քարտուղար Կշիշտոֆ Բարտչակի մասնակցությամբ։


© 2009 ARMENPRESS.am