Չկատարած խոստում չունեմ. Քոչարյանը հանդիպեց Վարդենիսի բնակիչների հետ

13:58, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեք խմբի բաժանեց Հայաստանի առջև ծառացած խնդիրները` անվտանգության հետ կապված խնդիր, տնտեսական և ներքաղաքական ճգնաժամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանը Վարդենիսի համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց, որ, թեև իշխանության գալով ծանր բեռ են ունենալու, սակայն իր թիմն ի վիճակի է լուծել այդ խնդիրները:

«Սիրելի վարդենիսցիներ, երկրի առջև կանգնած խնդիրները կարելի է երեք խմբի բաժանել: Առաջինը անվտանգության հարցն է: Դուք Սյունիքի պես սուր եք այդ խնդիրը զգում, անպաշտպան սահմաններ, բանակի վիճակը: Երկրորդ խնդիրը կապված է տնտեսական իրավիճակի հետ` այսօր, ըստ էության, ունենք տնտեսական ճգնաժամ, որը խորանալու է, գործազրկության աճ, աղքատության աճ և արտագաղթ: Երրորդ խումբը ներքաղաքական իրավիճակն է: Եթե չլիներ ներքաղաքական ճգնաժամ, ապա չէին լինի արտահերթ ընտրություններ»,- ասաց Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահը հասկանում է, որ նախընտրական շրջանում քաղաքացիներից շատերը թերահավատորեն են մոտենում խոստումներին:

«Պետք է ուղղակի նայել` մարդիկ անցած ճանապարհ ունեն, թե ոչ, մարդիկ սուտասանի համբավ ունեն, թե ոչ: Կարծում եմ, որ բոլորդ ձեր շրջապատում գիտեք, թե ով է սուտասան, ով է խոսքի տերը: Ես չկատարած խոստում չունեմ: Ես երբ եկել էի Հայաստան, Սոթքի հանքավայրը կանգնած էր, ոսկու գները սարսափելի մակարդակի վրա էին: Նպատակ դրեցի և 7-8 ամիս հետո հանքավայրը սկսեց աշխատել ու հետո սկսեց զարգանալ: Գործը այսպես են անում»,- ընդգծեց Քոչարյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան հունիսի 20-ին: Ընտրապայքարին մասնակցում են 25 քաղաքական ուժեր՝ 21 կուսակցություն, 4 դաշինք:


© 2009 ARMENPRESS.am