«Ագռավն ասաց» ներկայացմամբ կեզրափակվի «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը

17:16, 15 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ագռավն ասաց» բեմադրությամբ հունիսի 15-ին Հայաստանի թատերական գործիչների միությունում կեզրափակվի «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պիեսի հեղինակն Արմենուհի Սիսյանն է, բեմադրիչը Տաթևիկ Մելքոնյանն է, դերակատարը՝ Գոռ Համբարձումյանը:

Համբարձումյանի խոսքով՝ մոնոներկայացումը խոստովանություն է հանդիսատեսին, մարտահրավեր ինքդ քեզ:

«Այս ներկայացումը կռիվ է քեզ հետ, նպատակների, չիրականացած երազանքների հետ, և այդ ամենը կիսում ես թատերասերի հետ»,-նշում է դերասանը:

Նա կարծում է՝ մենաներկայացումը յուրաքանչյուր դերասանի համար պատասխանատու ժանր է: «Երբ թիմային աշխատանք է, «կիքսերը» քողարկելը հեշտ է, իսկ այս պարագայում ամեն բան երևում է:  Պատասխանատու մարդ եմ, բայց երկար տարիներ են պահանջվել՝ այնքան բան կուտակվի իմ ներսում, որ միայնակ ներկայացնեմ այդ ամենը»,-անկեղծանում է Գոռ Համբարձումյանը:

Անդրադառնալով պիեսի հեղինակին՝ նա նշում է, որ Սիսյանը ևս յուրովի մասնակցում է ներկայացմանը: Հեղինակը դիտել է բեմադրությունը, դրական արտահայտվել, սկայան դերասանը չի ցանկանում բարձրաձայնել Սիսյանի խոսքերը՝ կարծելով, որ դա մեծամտություն կդիտվի:  Համբարձումյանը  կարևորում է, որ գուցե Սիսյանը պիեսը գրելիս այն այլ կերպ է տեսել, պատկերացրել, բայց ընկալում է նաև այն, ինչ դու ես ներկայացնում:

Գոռ Համբարձումյանն անդրադարձավ նաև ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանին, որի հետ հաճույքով է համագործակցում և որին հետաքրքիր մտածող է համարում: «Փորձառու ռեժիսոր է, շատ մեծ աշխատանք է կատարել: Առաջին օրից մինչև հիմա ոչ մի խնդիր չենք ունեցել: Համաձայն եմ եղել նրա հետ, քանի որ միշտ դիպուկ է, մտածված: Դավիթը, որը նրա օգնականն է, նույնպես հետաքրքիր է: Մի քանի անգամ ենք փորձ արել նրա հետ ու ոճը չենք փոխել: Շնորհակալ եմ նման աշխատանքի համար և հուսամ, որ կարդարացնեմ նրանց և իմ սպասումները»,-նշում է նա:

Ըստ Համբարձումյանի՝ յուրաքանչյուր թատերասեր յուրովի կհասկանա «Ագռավն ասաց» ներկայացումը, որը շատ խորն է և որում կա տխրություն, ուրախություն, դառնություն և պոզիտիվ: «Վստահ եմ, որ այն ամեն մեկին մի տեղ է տանելու: Անհնար է, որ հանդիսատեսն իրեն չգտնի ներկայացման մեջ. այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, կհասնեն բոլորին: Անկեղծ ստեղծագործություն է. լուծում չի տալիս, այլ փաստ է ներկայացնում: Հերոսն ասում է. «Քիչ է պետք երազել: Քանի քանիսներին եմ տեսել իրենց երազանքների տան փլատակների տակ»: Ամեն մարդ ինքը պետք է ճիշտ լուծում գտնի, համարձակ լինի կյանքում, կայուն լինի»,-եզրափակում է Գոռ Համբարձումյանը:

«Խղճում եմ թռչնանման մարդկանց, ինչպես և մարդանման թռչուններին»: Պետք է համարձակություն ունենալ կատարելու ընտրությունդ, հատկապես, եթե ընտրությունը կյանքի ու մահվան ﬕջև է, գետնին կպած ապրելու և ազատ թռչելու ﬕջև է: «Ագռավ լինելը պատիվ է: Միայն թե ագռավ դառնալու համար շատ է պետք աշխատել, գիշեր-ցերեկ...»: Թե կարողանաս կոտրվելուց հետո թևեր առնել ու ճախրել՝ վճարելով աﬔնաթանկ գինը, կյանքը, կդառնաս Ագռավ»,-ասվում է ներկայացման անոնսում:

«Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնն անցկացվում է մինչև հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում և Արտաշատում: «Արմմոնո»-ն տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ի հայտ բերելով նոր անուններ ու հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալու միջազգային թատերական իրողություններին:

Փառատոնը ուշադրությունը բևեռել է հայ հեղինակների գործերի վրա, աշխատանք տարել Հայաստանի մարզային թատրոնների հետ՝ մոնոներկայացումների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ինքնարտահայտվելու հարթակ տրամադրել երիտասարդ դերասաններին ու բեմադրիչներին։

Անժելա Համբարձումյան

 


© 2009 ARMENPRESS.am